
Չարենցավանի պետական քոլեջը Չարենցավան քաղաքի պատմության, նրա արդյունաբերական անցյալի խոսուն վկան է: Խորհրդային տարիներին Չարենցավանը հանդիսանում էր հանրապետության արդյունաբերական հզոր քաղաքներից մեկը, որտեղ տեղակայված էին ծանր արդյունաբերության և մեքենաշինության 12 խոշոր գործարաններ:
Այդ տարիներին առավել խիստ էր զգացվում միջին օղակի որակյալ մասնագետների պակաս: 1964 թվականին կառավարության որոշմամբ Չարենցավանի հաստոցաշինական գործարանին կից բացվեց Չարենցավանի հաստոցագործիքային տեխնիկումը, որը հետագայում վերանվանվեց Չարենցավանի պոլիտեխնիկում, իսկ 2003թ.-ին Չարենցավանի պոլիտեխնիկումի վերակազմավորման արդյունքում ստեղծվեց ՀՀ ԿԳՄՍՆ «Չարենցավանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը:
Քոլեջն առանցքային դերակատարություն ունի համայնքում աշխատաշուկայի պահանջարկով պայմանավորված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ կադրերի պատրաստման գործում: Իր գործունեության ողջ ընթացքում քոլեջը պատրաստել է հազարավոր մասնագետներ, որոնցից շատերը հասել են զգալի բարձունքների իրենց աշխատանքում, իսկ նրանցից ոմանք հետագայում աշխատել և աշխատում են իրենց հարազատ դարձած կրթօջախում՝ Չարենցավանի պետական քոլեջում:
Չարենցավանի պետական քոլեջն այսօր արդեն ունի կայուն և խոսուն կենսագրություն: Հիմնադրման օրվանից առ այսօր քոլեջը ձգտել և ձգտում է լինել ոչ միայն ուսումնական հաստատություն, այլև կրթօջախ, որը միավորում է ուսանողների մեր համայնքի տարբեր ծայրերից, ընթանում է կրթության ոլորտում ժամանակակից մոտեցումների ճանապարհով՝ ապահովելու ուսանողների համար հնարավորինս հասանելի և որակյալ կրթություն, ձևավորելու ներուժի զարգացման ցանկություն, հանդիսանալու ինքնաճանաչման և շարունակական աճի վայր, որպեսզի յուրաքանչյուր շրջանավարտ քոլեջից հեռանա ոչ միայն դիպլոմը ձեռքին, այլ նաև կյանքի հմտություններ ունենալով՝ պատրաստ ժամանակակից աշխարհի մարտահրավերներին:
Քոլեջն ունի բազմամյա փորձ ունեցող մանկավարժական աշխատողներ և անընդհատ համալրվում է երիտասարդ, բանիմաց մասնագետներով, ովքեր իրենց աշխատանքում առաջնորդվում են ուսանողակենտրոն մոտեցմամբ՝

նպատակ ունենալով բացահայտել և զարգացնել յուրաքանչյուր ուսանողի հնարավորությունները, պատրաստել մասնագիտական և ընդհանրական գիտելիքներով ու հմտություններով զինված կադրեր, որոնք կկարողանան իրենց տեղը գտնել մշտապես փոփոխվող աշխատաշուկայում: Տնտեսության և աշխատաշուկայի պահանջներին համահունչ հմտություններով օժտված որակյալ կադրերի պատրաստման նպատակով քոլեջը համագործակցում է Չարենցավանի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի, Չարենցավանի համայնքապետարանի, համայնքի խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների («Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Գինաց-Վանբերդ» ՍՊԸ, «Smart City» Ա/Ձ) և հյուրանոցային համալիրների («Հոթել Աղվերան» ՓԲԸ, «Աղվերան» ԻՆՔ ԸՀՄ, «Ոսկե Գետակ Աղվերան» ՍՊԸ) հետ: